Քրիստոսի գերեզմանը եւ դրա վրա կառուցված ժամատունը կարող են վնասվել խարխուլ հիմքի պատճառով, զգուշացնում են գիտնականները, որոնք իրականացնում են գերեզմանի վերականգնումը: Վտանգի մասին նշված է National Geographic պարբերականում հրապարակված հոդվածում:

Գերեզմանը եւ Կուվուկլիան կառուցված են անկայուն հիմքի վրա՝ ակոսված թունելներով եւ ջրանցքներով, որը պարզվել է վերականգնողական աշխատանքների ժամանակ: Ռադարով հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք մասամբ կանգնած են նախկին շինությունների բեկորների, մասամբ՝ շատ ուղղաբերձ ժեռուտ հիմքի եզրերի վրա: Դրանից զատ, հիմքը լվացվել է՝ տասնամյակներ շարունակ դրա վրա ներգործել է խոնավությունը, որը կուտակվել է ռոտոնդայի հատակի տակ եղած դրենաժային ջրուղիներում:

Գիտնականների հաշվարկով՝ փլուզման վտանգը վերացնելու համար անհրաժեշտ կլինի 10 ամիս եւ 6 մլն եվրո: Պետք է հեռացնել Կուվուկլիայի շուրջը եղած ճաքած քարի շարքը, հիմքի քարերը լցոնել շինարարական լուծույթով, ստեղծել անձրեւաջրերի հեռացման համակարգ: Ըստ որում՝ աշխատանքը պետք է նվազագույն ազդեցություն ունենա գերեզման այցելելու վրա, որը տարեկան կազմում է մոտ 4 մլն այցելու: