Հայաստանի Վերահսկիչ պալատում հաստատել են տեղեկությունը, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Սոցիալական ապահովության ծառայությունում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՎՊ մամուլի ծառայությունից, ներկայումս ստուգումները շարունակվում են: ՎՊ-ից, սակայն, հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել դրանց ընթացքի մասին՝ հայտարարելով, թե ստուգումների արդյունքները կհրապարակվեն միայն այն բանից հետո, երբ կհաստատվեն Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից:
Նշենք, որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների, Սոցապ ծառայությունում ստուգումների արդյունքներով, ՎՊ-ն լուրջ խախտումներ է արձանագրել, եւ իմանալով դրանց մասին՝ ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու նա հրաժարական է ներկայացրել: Խաչիկյանի հրաժարականի մասին տեղեկությունը պաշտոնապես ոչ հաստատվում, ոչ հերքվում է: Հանրապետական կուսակցությունից NEWS.am-ին հայտնել են, որ Խաչիկյանի գործունեության հարցը չի քննարկվել: Հավաստի տեղեկություններով, Խաչիկյանը ներկայումս գտնվում է Մոսկվայում:





























