Դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել քրեակատարողական վարչության ստեղծած վաղակետ ազատման  հանձնաժողովի որոշմամբ, քանի որ դա ոչ թե քաղաքական, այլ իրավական որոշում է եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե մոտ ապագայում անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու:

Հանձնաժողովն, ըստ Զոհրաբյանի, քննարկում է դատապարտյալների գործերը, եւ եթե, ըստ օրենքի, պատժաժամկետի կեսը լրացել է եւ նրանք վտանգ չեն ներկայացնում հասարակության համար, դատապարտյալին կարող են ազատ արձակել:

«Ազատ արձակման համար քաղաքական որոշում չի կայացվելու: Քանի որ նրանք քաղբանտարկյալներ չեն, գործընթացով զբաղվում է հանձնաժողովը: Եթե հանձնաժողովը ճիշտ համարի ազատ արձակելը, ուրեմն կլինի այնպես, ինչպես ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ վերջերս 2 տարի 8 ամիս բանտարկությունից հետո ազատ է արձակվել քաղբանտարկյալ, ՀՀՇ-ի Լոռիի մասնաճյուղի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Դա տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերը նշված հայտարարությունից անմիջապես հետո: Աշոտ Մանուկյանը դատապարտվել էր, ոստիկանի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու մեղադրանքով: