Լեհական ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինկսու եղբայր Յարոսլավ Կաչինսկին նամակ է հղել ամերիկյան կոնգրեսականներին՝ խնդրելով օգնել ողբերգության հետաքննության հարցում: Նամակը հանձնելու են նրա կուսակցության անդամներ Աննա Ֆոտիգան եւ Անտոնի Մեչերեւիչը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում:
Կաչինսկու նախաձեռնությունն արդեն հարուցել է Լեհաստանի կառավարության անդամների զայրույթը: «Դա բացարձակ սկանդալ է, որը հավասար է դավաճանության»,- ասել է կառավարության մամուլի քարտուղար Պավել Գրան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նկատել է, որ օրինական կառավարության առկայության պայմաններում նման խնդրանքով այլ պետությանը դիմելւ անթույլատրելի է: Իսկ Լեհաստանի նախագահի խորհրդական Տոմաշ Նալենչը հայտարարել է, թե Կաչինսկու կուսակցությունը տվյալ դեպքում «կրակի հետ է խաղում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեհաստանի նախագահի ՏՈՒ-154 ինքնաթիռը կործանվել էր ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի մերձակայքում: Զոհվել էին 96 մարդ: Ինքնաթիռում եղել են երկրի նախագահը, նրա կինը, քաղաքական եւ զինվորական գործիչներ:





























