Հայաստանի քաղաքացիները Վրաստանի մաքսակետում բախվում են հայերեն գրքեր եւ ամսագրեր Վրաստան տեղափոխելու խնդրին, ինչն արդեն պարբերական բնույթ է կրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, նշելով, որ իր ղեկավարած միությունը գրքեր տեղափոխելու հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: NEWS.am-ի խմբագրությունը եւս նման ահազանգեր է ստանում: Շիրակ Թորոսյանն ասաց, որ նման արգելքները պետք է որ վերացած լինեին, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կառավարական մակարդակով տեղի ունեցած բանակցություններից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հնարավորություն ստացավ հայոց լեզվի ու գրականության գրքեր մատակարարել Ջավախքի դպրոցներին, ինչպես նաեւ Վրաստանի կողմից հայկական դպրոցներին մատակարարվող գրքերը խմբագրելու թույլտվություն ստացավ: Սակայն պատկերը բոլորովին այլ է:
Ըստ պատգամավորի՝ վրացական իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը. «Երբ Հայաստանից որեւէ պաշտոնատար անձ կամ պատվիրակություն է այցելում Վրաստան, նրանց պարուրում են գեղեցիկ, նուրբ ու բարի աուրայով, պաշտոնյաներին մատուցում են այն, ինչը չկա՝ թույլ չտալով շփվել եւ փաստական պատկերացում կազմել հայ համայնքի մասին»: Շիրակ Թորոսյանն այս ամենը համարում է միտումնավոր քայլ եւ դիտարկում «հայահալած քաղաքականության» համատեքստում:
Նշենք, որ այս ուսումնական տարում Շիրակ Թորոսյանի ծնողները, որոնք դասավանդում են Ջավախքի հայկական դպրոցներից մեկում, առանց բացատրության հեռացվել են աշխատանքից: Նրանց բախտին են արժանացել նաեւ այն հայ ուսուցիչները, ովքեր, Թորոսյանի ձեւակերպմամբ, հայեցի դաստիարակություն էին տալիս հայ աշակերտներին եւ նրանց մոտ ազգային գիտակցություն ձեւավորում: NEWS.am-ին Թորոսյանը հայտնեց, որ իր ծնողները շարունակում են չաշխատել ու հարկադիր պարապուրդի են մատնված: Ինչ վերաբերում է աշխատանքից հեռացված մյուս ուսուցիչներին, ապա նրանց մի մասը, պատգամավորի հավաստմամբ, տարբեր ճանապարհներով վերականգնվել է աշխատանքում, մյուս մասն էլ փորձում է դատական կարգով վերականգնվել: «Սակայն ես թերահավատ եմ, որ դատարանի միջոցով հնարավոր կլինի հարցին լուծում տալ»,-նկատեց պատգամավորը:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ վրացական իշխանությունները արգելում են Շիրակ Թորոսյանին մուտք գործել Վրաստան:





























