Այսօր` նոյեմբերի 15-ին, մեկնարկող Ազգային ժողովի քառօրյայում քվեարկության է դրվելու «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:
Այս նախաձեռնությանը դեմ հանդես եկող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի ցույց է կազմակերպում: Այն կայանալու է Ազգային ժողովի շենքի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ երեկոյան ժամը 17:00-ին:
«Ձեր մասնակցությունն անչափ կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Օտարալեզու դպրոցների բացմանը դեմ հանդես եկողները նշում են, որ դա ուղղակի հարվածում է Հայաստանի անվտանգությանը, քանի որ օտար լեզվով կրթություն ստացող երեխան սկսում է մտածել ու գործել օտար լեզվով, իսկ դա նշանակում է, որ նրա մայրենի լեզուն դառնում ոչ հայերենը:





























