Նոյեմբերի 14-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում  տեղի է ունեցել Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի փողային նվագախմբի հոբելյանական համերգը` նվիրված նվագախմբի հիմնադրման 10-ամյակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գուգարաց թեմի Դիվանից:

1988-ի ավերիչ երկրաշարժից հետեւանքով իրենց գործունեությունը դադարեցրին մի շարք երաժշտական կոլեկտիվներ, այդ թվում քաղաքի բոլոր փողային նվագախմբերը, որոնց թիվը հասնում էր 15-18-ի: 2000-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, կարեւորելով փողային երաժշտության դերն ու նշանակությունը, ձեռնամուխ է եղել  «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կայացման գործին:

Ստեղծման տարիներին նվագախմբի կազմում ընդգրկված էին  ընդամենը 14-16 երաժիշտներ, իսկ այսօր արդեն նվագախումբը իր տասներորդ հոբելյանը դիմավորել է շուրջ 30 երաժիշտներով: Գործունեության ընթացքում նվագախումբը մասնակցել է համահայկական, հանրապետական ու միջազգային բազմաթիվ փառատոների, արժանացել մրցանակների ու պատվոգրերի:

Համերգը ղեկավարել են վագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր խմբավար Մելս Մատինյանը եւ նվագախմբի խորհրդատու-խմբավար Վլադիմիր Ռապացկին:

Համերգին մասնակցել են Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու եւ քաղաքապետարանի կամերային երգչախումբը, Ստեփանավանի եւ Դիլիջանի քաղաքապետարանների փողային նվագախմբերը, Վանաձորի կայազորի Զինվորական նվագախումբը: Հնչել են «Սասունցիների պար», «Հարսանեկան քայլերգ», «Զինվորական քայլերգ», «Բամփ որոտան», Ռավելի «Բոլերո» եւ այլ ստեղծագործություններ: