Քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի փոխվել եւ հիմնական դերակատարները նույն դիրքերում են, հաջորդ ընտրությունները եւս կկեղծվեն եւ իշխանությունը կկարողանա հասնել արդյունքի: Այս մասին նոյեմբերի 15-ին հրավիրված բանավեճում հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ կա երկու հիմնական բեւեռ. իշխանություն եւ ընդդիմություն՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Այս իրավիճակն, ըստ նրա, ձեւավորվել է 2008-ի նախագահական ընտրություններից հետո եւ ընտրությունների արդյունքները հանգեցրեցին հասարակության կտրուկ բեւեռացման:
Մելիքյանի խոսքով՝ իշխանությունը լավ աշխատանք է տանում, որպեսզի հաջորդ ընտրություններում փողոցային բախումների հավանականությունը զրոյական լինի եւ այդ նպատակով ընտրական օրենսգրքում կատարում է որոշակի փոփոխություններ: ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը հայտարարեց, որ երբ իշխանությունը ընտրությունների ժամանակ դիմում է կեղծիքների, ինքն իրեն դնում է օրենքից դուրս եւ այդ պարագայում իշխանափոխությունն, անգամ անօրինական ճանապարհներով, ընկալելի է դառնում թե՜ հասարակության, թե՜միջազգային հանրության համար:
«Այլ խնդիր է, որ 2008 թվականին արմատական ընդդիմության առաջնորդներն այդ համարձակությունը չունեցան, եւ փառք Աստծո, որ չունեցան, որովհետեւ, ըստ էության, ընդիմության եւ իշխանության որակն այն ժամանակ միեւնույնն էր»,-հայտարարեց Մելիքյանը: Նա նաեւ հավելեց, որ հասարակությունն այսօր տրոհված ու բեւեռացված է, եւ առկա բարոյական եւ հոգեբանական ճգնաժամը գնալով զարգանում է:
Բանավեճին ներկա մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, չհամաձայնեց Մելիքյանի հետ, նշելով, որ հասարակության մեջ չկա բեւեռացում: «Մեր հասարակությունը շատ հարիր հոգեբանական կառուցվածք ունի այսօրվա հետ եւ բոլոր նորաստեղծ հետսովետական պետությունները նույն քաղաքական հոգեբանության կրողներն են»,-ասաց նա: Հարությունյանի կարծիքով՝ հասարակությունը գուցե տրոհված է, սակայն այդ տրոհումը թելադրված է սոցիալական վիճակով:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին`ՀՀԿ-ական պատգամավորը ձեռնպահ մնաց քաղաքական ուժերի կողմից ստանալիք ձայների տոկոսների մասին խոսելուց: «Ես բախտագուշակությամբ չեմ զբաղվում, բախտագուշակությունը շնորհակալ աշխատանք չէ: Ես ի՞նչ իմանամ՝ ով ինչքան կհավաքի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի շանսերը պետք է ժողովուրդը գնահատի: Նա նաեւ նշեց, որ ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը անցած տարիների ընթացքում կազմակեպված աշխատել է ժողովրդի հետ եւ ինչ-որ չափով նպաստել տարբեր խնդիրների լուծմանը:





























