Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում 5:0 հաշվով պարտության մատնելով Ռոստովին` Սանկտ Պետերբուրգի Զենիթը առաջնության ավարտից երկու տուր առաջ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն:
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Զենիթի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, կոտրել են դարպասը եւ պատռել են ցանցը` վերցնելով ի հիշատակ:
Զենիթը ութ միավորով առաջ է Մոսկվայի ԲԿՄԱ-ից, որը ոչ ոքի1:1 խաղաց Նալչիկի Սպարտակի հետ:
Զենիթը երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Ռեկորդակիրը Մոսկվայի Սպարտակն է` ինը տիտղոս (1992, 1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001):
Երեք անգամ ոսկին նվաճել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն (2003, 2005, 2006), երկուական անգամ հաջողության են հասել Մոսկվայի Լոկոմոտիվը (2002, 2004), Զենիթը (2007, 2010) եւ Կազանի Ռուբինը (2008, 2009), իսկ 1995-ին չեմպիոն է դարձել Վլադիկավկազի Ալանիան:




























