Հայաստանի պետականությունն անկախության տարիների ընթացքում էապես ոջլոտվել է եւ վտանգել անկախությունը: Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ նշելով. «Մինչեւ մենք այս կոռուպցիոներներից, հարստահարիչներից, այն բոլոր մարդկանցից, ովքեր բռնությամբ են հաստատում իրենց իշխանությունը, չազատվենք, կմնանք ոջլոտված պետականության պայմաններում եւ արտագաղթը անխուսափելի կլինի»:
Նրա հետ բանավեճի եկած ՀՀԿ-ական պատմագավոր Համլետ Հարությունյանը, նշեց, որ արտագաղթի պատճառները միայն սոցիալական չեն եւ Հայաստանը մարդիկ լքում են նաեւ այլ պատճառններով: Արտագաղթի վտանգ, ըստ Հարությունյանի, կար նաեւ «ծաղկուն խորհրդային Հայաստանում», եւ եթե սահմանները բաց լինեին, ապա մարդիկ տասնյակ հազարներով կլքեին երկիրը: «Էն ժամանակ ի՞նչ կար... ասում էին Հայաստանը ամենալավ, ամենահարուստ հանրապետությունն է»,-նկատեց պատգամավորը: Ըստ նրա՝ արտագաղթը թելադրված է նաեւ մեր՝ հայերիս ցեղի բնույթով: «Ցեղի բնույթը խոշոր գիտական ուսումնասիրության կարիք ունի: Ես տեսել եմ շատ-շատ տնտեսապես լավ պայմաններում ապրող մարդիկ, ովքեր ապրում են Ամերիկայում: Դրա՞նց ինչ եղավ»,-տարակուսեց Հարությունյանը եւ առաջարկեց հոգեբաններին զբաղվել այդ հանգամանքի ուսումնասիրությամբ:





























