Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել բարեգործության, կուսակցությունների մասին օրենքներում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Դրանց ընդունվելու դեպքում հասարակական կազմակերպություններին, հայրենակցական միություններին կարգելվի բարեգործություն անելիս զբաղվել քաղաքական քարոզչությամբ: Փաստաթուղթը նաեւ կարգելի կուսակցություններին կամ դրանց ներկայացուցիչներին քաղաքացիներին տրամադրել փող, սնունդ եւ ծառայություններ: Օրինագիծն ուղղված է ընտրարշավների ժամանակ քաղաքական գործունեության եւ բարեգործության, քաղաքական շահերի եւ մասնավոր բիզնեսի շահերի համատեղման բացառման պետական երաշխիքների ստեղծմանը:
Առաջարկվում է նաեւ ընդգծել, որ նախընտրական հիմնադրամներից տրվող միջոցները չեն կարող համարվել բարեգործություն: Բացի այդ օրենսդրորեն պետք է ամրագրվի, որ բարեգործությունը չի կարող հետապնդել շահադիտական նպատակներ: Բարեգործության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը ենթադրում է նաեւ արգելել պատգամավորներին, տեղական իշխանության ներկայացուցիչներին եւ կուսակցական առաջնորդներին ստեղծել բարեգործական հիմանդրամներ` քաղաքական եւ բարեգործական գործունեության համատեղումը բացառելու համար: Բարեգործական հիմնադրամներին կարգելվի ֆինանսավորել քաղաքական կուսակցություններ եւ նախընտրական հիմանդրամներ:
Փաստաթուղթն ընդգրկված է խորհրդարանի մեծ օրակարգում:




























