Հանրապետական կուսակցությունում չի քննարկվում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանի կազմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, մեկնաբանելով լուրերը թե ՀՀԿ-ն արդեն իսկ ձեռքի տակ ունի գալիք խորհրդարանի կազմը, եւ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԱԿ-ի հետ՝ խորհրդարանում ստանալիք տեղերի մասին: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ստանալու է 30 տոկոս ձայն:

«Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ,  եւ այդպիսի քնարկումներ ոչ եղել են, ոչ կան, ոչ էլ կլինեն: Ո՞նց կարելի է նման պրիմիտիվ բանը բերել եւ քննարկման առարկա դարձնել: Ո՞վ գիտի, թե ով ինչքան ձայն պիտի հավաքի»,-տարակուսեց Հարությունյանը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ն 100 հազարից ավել անդամ ունի, ՏԻՄ մարմինների ղեկավարների 75 տոկոսը ՀՀԿ-ական են: «Էս բոլորը խոսում է այն մասին, որ մենք երեւելի կազմով ենք ներկայացված լինելու հաջորդ պառլամենտում»: Հարցին, թե ինչպիսի՞  ներկայություն կունենա ՀԱԿ-ը՝ համե՞ստ, թե ՀՀԿ-ի պես երեւելի, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ես ընդհանրապես միշտ խուսափում եմ այդ մասին խոսելուց, քանի որ տարիուկես կա: Իսկ տարիուկեսվա ընթացքում ինչ ասես, որ չի կարող տեղի ունենալ: Կարող է նույնիսկ նոր քաղաքական ուժ ի հայտ գալ»,-ասաց պատգամավորը: Նա նաեւ ընդգծեց, որ «կուսակցության մասին մի ռակուրսով պետք  է խոսել, իսկ դաշինքի մասին՝ մեկ այլ ռակուրսով»:

«Ես չեմ ցանկանում կռռալ ՀԱԿ-ի վրա, բայց Հայաստանում դաշինքների գոյությունը ավելի կասկածելի է, քան կուսակցությունների»,-հայտարարեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժերին, ապա դրանք եւս շանսեր ունեն հայտնվելու հաջորդ ԱԺ-ում: «ՀՅԴ-ն ունի իր կայուն էլեկտորատը: Իսկ ինչ մնում է «Ժառանգությանը», ապա եթե այն լինի խորհրդարանում՝ չեմ զարմանա, եթե չլինի էլ՝ չեմ զարմանա: Հո երեք-չորս ընդդիմադիր ուժեր չե՞ն լինելու մի խորհրդարանում: Ձեզ համար էլ պարզ է, որ կլինեն մեկ կամ երկու ուժեր»,-վստահեցրեց իշխանական պատգամավորը: Ըստ նրա՝ «դա է վկայում համաշխարհային պառլամենտարիզմի պատմությունը»: