Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի աղերսներ չունի ռասիզմի հետ, նժդեհյան գաղափարախոսությունը հայ ժողովրդի բազմադարյան ձգտումների հավաքական գաղափարախոսությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցեղակրոնության գաղափարախոսությունը դավանող կուսակցության՝ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ վերջին հանրահավաքում արած հայտարարության հետ, թե «ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»: «Դժբախտաբար չգիտեմ, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսի հայտարարություն արել: Ես ծանոթ եմ նրա մտավոր մակարդակին եւ այն կարծիքին եմ, որ ինքը հիանալի գիտակցում է, որ ռասիզմն ու նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի առնչություն չունեն»,-հայտարարեց Հարությունյանը:
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը հիշեցրել էր, որ «ցեղապաշտություն» «Ռասիզմ» բառի թարգմանությունն է:





























