Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը։
Սերժ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը։ Նրանց խոսքերով` երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության միջոցով։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով եւ ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին եւ պատրաստ է լրջորեն քննարկել դրանք։
Հայաստանի նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին։ Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները եւ կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման համար։




























