«Ուկրաինա-Բելառուս-2010» փորձագիտական վերլուծության շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին` Կիեւում: Այն մշակվել է «ԿՈՄՊԱՍ» նախագծի շրջանակներում Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցչության օժանդակությամբ:

Շնորհանդեսի ժամանակ փորձագետները քննարկել են նաեւ Բելառուսի անդամակցումը ՎՈՒԱՄ-ին (Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն), որում ընդգրկված են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան:

«Քաղաքական ոլորտ» հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Կիրիլ Իգնատիկը կանխատեսել է, որ Բելառուսը նախագահական քարոզարշավի ավարտից հետո եւ Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում կարող է միանալ ՎՈՒԱՄ-ին, հաղորդում է Եվրոպական ռադիոն:

Ուկրաինայի Պոլեսկի միջազգային եւ տարածաշրջանային հիմնադրամի նախագահ Գենադի Մակսակի խոսքով, Ուկրաինան պետք է քայլեր ձեռնարկի ՎՈՒԱՄ-ը վերակենդանացնելու համար: «Եթե այս կազմակերպությունում շեշտադրումների սլաքն ուղղվի տնտեսության կողմը, այն կարող է հետաքրքրել Բելառուսին»,- նշել է Մակսակը: