Հայաստանը ԵՏՄ-ում հաջողակ լինելու բոլոր հնարավորություններն ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում։

Կարապետյանի խոսքով՝ ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) տրամաբանությունը Հայաստանի համար շատ պրագմատիկ է՝ «մենք դառնում ենք հնգյակ, որին միավորում է հսկայական շուկան»։

«Հայաստանն այնտեղ հաջողակ լինելու բոլոր հնարավորություններն ունի, եւ ես այդպիսին չլինելու պատճառներ չեմ տեսնում։ ԵՏՄ-ում առկա պոտենցիալը շատ ավելին է, քան մենք կարծում ենք։ Միությանն անդամակցությունը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում։ Մեր տարեկան արտադրանքի մեծ մասը մենք ԵՏՄ շուկաներ ենք արտահանում, ինչի հետ կապված պետք է նշել, որ վիճակագրական տվյալներով, ի տարբերություն նախորդ տարվա, միությանը միանալուց հետո Հայաստանում ՀՆԱ ցուցանիշներն աճել են»,- ասել է վարչապետը։

Նա նաեւ նշել է, որ շարունակվում են ինտեգրացիոն պոտենցիալի շուրջ բանակցությունները տնտեսության տարբեր ոլորտներում, երրորդ երկրներ արտահանման զարգացման հարցում։

«Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ԵՏՄ-ի հետ համագործակցության ոլորտում համաձայնեցված քաղաքականությանը։ Այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որը տեղի ունեցավ մարտի 7-ին Բիշքեկում, իմ կարծիքով, ամուր եւ իրավացի հիմք է, որը թույլ է տալիս խնդիրների արդյունավետ լուծումներ գտնել»։

Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ-ի առաջարկած պոտենցիալը դեռեւս ամբողջապես չի օգտագործվում, եւ Հայաստանն այդ տեսանկյունից մտադիր է  շարունակել աշխատանքները։

«Հայաստանը նաեւ հավակնում է կամուրջ դառնալ ԵՏՄ ակումբի ու այլ տնտեսական դաշինքների միջեւ, օրինակ՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայամանագիր ստորագրած Եվրոպական միության անդամ երկրների միջեւ, ինչպես նաեւ Իրանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների։ Մենք հասկանում ենք, որ որքան ավելի են ընդլայնվում ԵՏՄ-ին անդամակցության հնարավորություններն ու առավելությունները, այնքան ավելի լավ Հայաստանի եւ միության մյուս երկրների համար»,- նշել է վարչապետը։