Իրաքում շարունակվող բռնությունների ալիքի հետեւանքով երկուշաբթի օրը զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներ են, այդ թվում` մեկ հայ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:
Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում: Հրացաններով զինված անձինք, սպանելով Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին եւ նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել:
Զոհված քրիստոնյաների ինքնության մասին «Ֆրանսպրես»-ը հաղորդում է միայն, որ հայը ատաղձագործ էր, իսկ նրա բարեկամն աշխատում էր նահանգային հակակոռուպցիոն գրասենյակում:
Վերջին շրջանում Իրաքում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում հարձակումներ քրիստոնյաների դեմ: Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաք Բաղդադում ակնհայտորեն քրիստոնյաների դեմ ուղղված հարձակման հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 33 մարդ, իսկ դրանից էլ մեկ շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ մոտ վեց տասնյակ մարդ էր զոհվել:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ քրիստոնյանների հալածանքերի դեպքերը Իրաքում պարբերական բնույթ են կրում:
Օրեր առաջ Բրիտանիայում Իրաքի քրիստոնյաների առաջնորդ եպիսկոպոս Աթանասիոս Դավիդը հայտարարել էր, որ Իրաքի քրիստոնյաններն անպաշտպան են եւ երկիրը լքելուց բացի այլ տարբերակ չունեն: Եպիսկոպոսը նշել էր, որ դա իր անհատական կարծիքն է, սակայն նաեւ հավելել, որ քրիստոնեական համայնքը կորցրել է պաշտպանության հույսը ինչպես Իրաքի, այնպես էլ արեւմտյան երկրների իշխանություններից: Գարեգին Բ կաթողիկոսն իր ցավակցությունն է հայտնել Հռոմի Պապին: Նա դիմել է Իրաքի իշխանություններին` կոչ անելով ապահովել քրիստոնեական փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները:
2003 թվականին Իրաքում ապրում էր 20 հազար հայ: Հիմա նրանց թիվը հասնում է շուրջ 7 հազարի:




























