Հավատացեք Նիկոլ Փաշինյանին, նա խելագար չէ, այսպիսի հայտարարություն արեց «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կազմակերպված ասուլիսում: Նա նշեց, որ հավատում է Փաշինյանի պնդումներին, որ իր նկատմամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում բռնություն է իրականացվել: Մինչդեռ արդարադատության նախարարությունը հակառակն է պնդում, նշելով, թե բռնության մասին հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը, այլ Փաշինյանի երեւակայության հետեւանք են:
«Ես չեմ հավատում նրան, որ Նիկոլը վատ երազ տեսնելուց հետո միանգամից ձեռքն է վերցնում գրիչն ու սկսում նկարագրել իր տեսած երազը»,-հայտարարեց Մովսեսյանը: Նա նաեւ հավելեց, որ չի հավատում նաեւ իշխանության այն պնդումներին, որ Փաշինյանի հետ տեղի ունեցածը կարող է լինել կրիմինալ շրջանակի ձեռքի գործը: «Կրիմինալ աշխարհն ունի իր օրենքները եւ երբեք իրեն թույլ չի տալիս խառնվել քաղաքականությանը, եւ այն էլ այդպիսի ակտիվ ու բռի ձեւով: Նրանք հարգում են օրենքը, ի տարբերություն մեր իշխանավորների, եւ ենթարկվում են իրենց ներքին օրենքին»,-ասաց «Ա1+»-ի ղեկավարը եւ հավելեց, որ այս ամենի հետեւում կանգնած են իշխանությունները:
Հիշեցնենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմարկում պահվող Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ինքը բռնության է ենթարկվել խուց ներխուժած դիմակավորված անձանց կողմից: Ըստ այդմ՝ ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած Փաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել` փախել են: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն հանդես էր եկել հերքմամբ, հայտարարելով, թե բռնության մասին ահազանգը «հավանաբար Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»:





























