Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է, մարդ, որն ունի հստակ քաղաքական հայացքներ, եւ հայտնվել է բանտում իր հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշման համար: Նոյեմբերի 16-ին ի պաշտպանություն «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կազմակերպված ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ իշխանությունն ինքն է պարտավոր հոգալ եւ երաշխավորել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, որովհետեւ ինքն է նրան բանտ ուղարկել:
«Սկսած ամենահասարակ գողից՝ վերջացրած ամենամեծ մարդասպանով, իշխանությունը պարտավորություն ունի ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ քաղբանտարկյալի համար առավել եւս, որովհետեւ նա նրան տարել է բանտ անօրինական, առանց որեւէ հիմքի, նրա ծավալած քաղաքական գործունեության համար»,-ասաց իրավապաշտպանը: Նա առաջարկեց մի պահ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում քաղբանտարկյալի հետ. 800 հոգանոց այդ գաղութում նա ամեն վայրկյան սպասում է իր վրա հարձակում: «Քնած ժամանակ մարդու վրա կատարված հարձակումն այն սահմանն է, որից հետո կարելի է սպասել ամեն ինչ»,-նկատեց Հարությունյանը:
Նա նշեց, որ իշխանությունենրը միտումնավոր են տեղեկություններ տարածում, թե Փաշինյանը խնդիրներ է ունեցել կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի Փաշինյանի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն իրենց վրայից գցեն: Իրավապաշտպանը պնդեց, որ ինքը լավ գիտի համակարգը եւ բացառվում է, որ կրիմինալ աշխարհը կանգնած լինի քաղբանտարկյալի հետ տեղի ունեցածի հետեւում: Նա նաեւ հավելեց, որ Փաշինյանին պաշտպանելու այլ լծակ չունեն, բացի հրապարակայնությունից՝ մամուլից եւ կոչ արեց բոլոր նրանց, ովքեր կիսում կամ չեն կիսում Փաշինյանի գաղափարները, հետամուտ լինել նրա պաշտպանությանը: «Որպեսզի վաղը ստիպված չլինենք յուրաքանչյուրիս պաշտպանել առանձին-առանձին, մենք այսօր պետք է պաշտպանենք Նիկոլին»,-ասաց իրավապաշտպանը:
Ասուլիսին ներկա «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն էլ հայտարարեց, որ տարիներ առաջ Եվրադատարանը արձանագրեց Հայաստանում կալանավորների նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վերաբերմունքի մասին, ՀՀ իշխանություններն այդ գնահատականից հետեւություն չարեցին եւ ՔԿՀ-ների պայմանները չփոխեցին: «Այսինքն մենք պետք է բոլոր հնարավորությունները ստեղծենք, որ այդ վայրերում լինեն մարդկային բոլոր պայմանները, եւ ռեժիմի, եւ շենք-շինության պայմանները պետք է բավարար լինեն: Նման պայմանների կարիք ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ մյուս բոլոր դատապարտյալները: Եթե կարողանում ենք ԱԺ-ի վերանորոգման համար գումարներ ճարել, ինչո՞ւ չպետք է կարողանանք նման հիմնարկներում բարեփոխում անել»,- հայտարարեց Տիգրան Տեր-Եսայանը եւ ընդգծեց, որ ՔԿՀ-ները շտապ պետք է բարեփոխումների ենթարկվեն:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին Սարյանի արձանի մոտ տեղի է ունենալու ակցիա՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Նախաձեռնությունը «Հայկական ժամանակ»-ինն է:




























