«Ես համոզված եմ, որ Հայաստանի նախագահը իր „Առաջ Հայաստան“ կարգախոսով երբեք թույլ չի տա, որ Սունդուկյանի անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնը վատ վիճակում հայտնվի»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց մայր թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը՝ մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը քննարկելիս։

ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանին եւս թատրոնի գեղարվեստական ղեկավար չունենալու հարցը մտահոգում է, սակայն նրա համոզմամբ՝ «մի օր թատրոնն անպայման կունենա գեղարվեստական ղեկավար»:

Թատրոնը նոր թատերաշրջանի համար պատրաստել է չորս ներկայացում, որոնցից եւ ոչ մեկի հեղինակը Սունդուկյանի թատրոնից չէ։ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այդ ներկայացումներից հետո շատ բան կպարզվի։

Նշենք, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար եւ ղեկավարվում է գեղարվեստական խորհրդի կողմից, ինչը թեժ քննարկումների առիթ է դարձել։