Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմացի բարդիները կտրելու համար գազալցակայանի սեփականատերն ու ծառերը կրողը տուգանվել են: Այս մասին NEWS.am-ին հայտեց Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը: Նա նշեց, որ NEWS.am-ում զետեղված նյութը ներկայացվել է նախարարին, եւ նրա կողմից եղել է հանձնարարական Գեղարքունիքի տարածքային բաժնի ղեկավարին՝ տեղում ճշտելու մամուլի հրապարակումը:

Տարածքային բաժնի աշխատակիցները մեկնել են նշված վայր եւ պարզել, որ գազալցակայանը պատկանում է «Տելեմակ» ՍՊԸ-ին: Դրա տերը՝ Կարեն Մարգարյանը, թույլ է տվել Գագարին գյուղի բնակիչ Էրիկ Պետրոսյանին էտել գազալցակայանի մոտ գտնվող ծառերի ճյուղերը՝ ձմռանը վառելիք ունենալու նպատակով: Սակայն Էրիկ Պետրոսյանը կտրել է նաեւ16 սանտիմետր տրամագծով 2 բարդի: Տարածքային բաժնի աշխատակիցները վարչական վարույթ են իրականացրել «Տելեմակ»-ի սեփականատիրոջ՝ Կարեն Մարգարյանի եւ Էրիկ Պետրոսյանի նկատմամբ: Մարգարյանը ենթարկվել է 150 հազար, Էրիկ Պետրոսյանը՝ 100 հազար դրամ վարչական տուգանքի: Իսկ բնությանը հասցված վնասը գնահատվել է 20 հազար դրամ:

Նշենք, որ ըստ Գագարին գյուղի բնակիչների՝ գազալցակայանը պատկանում է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին: Իսկ Գագարին գյուղի բնակիչները ծառերը կտրելու փաստը մեկնաբանել էին հետեւյալ կերպ. «Գլխավոր դատախազը ծառ է տնկում, իսկ նրա ենթական` ծառ է կտրում»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի