Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Adjara group hospitality ընկերությունից հայտեր չի ստացել Երեւան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վրացական լրատվամիջոցների հայտարարությունը։

Ինչպես նշել է Սաթենիկ Հովհաննիսյանը՝ ներկա պահին նման հայտ չի ստացվել, հայտ ստանալու դեպքում այն կքննվի։

Ինչպես հայտնել էր «Գրուզիա Օնլայն»-ը՝ Adjara group hospitality ընկերությունը գործի է դրել Aviator ավիատաքսին՝ ներքին եւ միջազգային փոխադրումների համար։

«Beechcraft King Air® C90GTx նոր ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ է կատարում Վրաստանի եւ ամբողջ կովկասյան տարածաշրջանի բոլոր օդանավակայաններ, ներառյալ՝ Երեւանի, Բաքվի, Տրապիզոնի, Ստամբուլի եւ այլ քաղաքաների օդանավակայաններ», - հայտնում է աղբյուրը: