Ֆուտտբոլի Ռուսաստանի հավաքականի հետ վաղը, նոյեմբերի 17-ին Վորոնեժում անցկացվելիք հանդիպման համար Բելգիայի հավաքականը կստանա 300 հազար եվրո: Այդպիսի պարգեւատրումների պրակտիկան սովորական է, եթե Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականն է ընդունում որեւէ թույլ հավաքականի հրավեր: Սակայն տարօրինակ է, երբ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ռուսներին զիջող Բելգիան է այդպիսի պարգեւատրում ստանալու: Ռուսական Գազետա.ռու-ն հեգնական հարցադրում է անում Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին` հիշեցնելով, որ բելգիացիների հետ ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար մասնագետը ժամանակին վճարել էր Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջած մեկ միլիոն եվրոյից միայն 750 հազարը:
Բելգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերել հենց Ադվոկատը, այս կերպ Ռուսաստանի հաշվին վերադարձնելով տարբերությունը:




























