«Ելք» դաշինքը քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին Զարուհի Փոստանջյանի հետ մասնակցության հարցը: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցի «Ելք» դաշինքի ցուցակով:

«Չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանը մասնակցի մեր ցուցակով, այս պահին այդ հարցը քննարկվում է, այսինքն` քննարկվում է որոշ ֆորմատով Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցության հարցը»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նաեւ նշեց, այս պահին նաեւ քննարկվում է Զարուհի Փոստանջյանի` «Ելքի» ցուցակը գլխավորելու հարցը:

«Մեր դաշինքը միանշանակ մասնակցելու է ավագանու ընտրություններին: Բանակցությունների փուլում ենք գտնվում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  շրջանակում քննարկվում է նաեւ Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի եւ իմ` Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: