Վայոց Ձորի Զառիթափ գյուղի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդուն՝ Դավիթ Դավթյանին, ապրիլի 5-ին Երեւան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած դանակահարության դեպքով ոստիկանության բաժին են հրավիրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաժակ Դավթյանը: Նա նշեց, որ իր որդին ոստիկանությունում հարցաքննվելուց հետո տուն է վերադարձել, քանի որ կապ չի ունեցել ծեծկռտուքի հետ:
«Ես զարմացած եմ, որ իմ որդու անունն էդ ծեծկռտուքի հետ կապում են, նա մասնակցություն չի ունեցել, չգիտենք, թե ինչի մասին է խոսքը: Իմ տղան հիմա տանն է, խոսել եմ հետը, նա տեղյակ չէ կատարվածի մասին»,-ասաց նա:
Նշենք, որ Դավիթ Դավթյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդու՝ Սիմոն Ավետյանի ընկերն է, որի անունը եւս կապվում է այս ծեծկռտուքի հետ: Թարո Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել իր որդու՝ ծեծկռտուքին եւ դանակահարությանը մասնակցելու մասին հարցին:
Բացի Դավիթ Դավթյանից, դանակահարության ելքով ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Զառիթափի բնակիչ Սասուն Ստեփանյանը եւ Վայքի բնակիչ Տիգրան Գեւորգյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ապրիլի 5-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ: Կատարվում է քննություն:




























