Բժշկական բարձրագույն կրթություն ստացած ուսանողներին դժվար է համոզել, որպեսզի գնան հեռավոր գյուղեր աշխատելու, իսկ հեռավոր գյուղերի բնակիչները հաճախ միջոցներ չեն ունենում հասնել մայրաքաղաք՝ բուժզննում անցնելու համար։ Այս խնդրի լուծման համար դեռեւս 2009 թվականից Հայաստանում փորձարկումներ են անցկացվում հեռաբժշկության կիրառման ուղղությամբ։
Հեռաբժշկության միջոցով հեռահար կապ է հաստատվում բժշկի եւ հիվանդի միջեւ։ Դա հեռավոր գյուղերում ապրող հիվանդներին հնարավորություն է տալիս հենց գյուղում ստանալ որակյալ առողջապահական սպասարկում։
Սպիտակում եւ այլ վայրերում կատարված փորձարկումները ցույց են տվել, որ հեռաբժշկական ծառայությունները շատ սպասված են հեռավոր գյուղերի բնակիչների համար։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հեռաբժշկության զարգացման կենտրոնի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
«Հեռաբժշկության միջոցով կարելի է որակյալ բժշկական ծառայությունից օգտվել՝ առանց հավելյալ գումարներ եւ ժամանակ ծախսելու»,- ասաց Հ. Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սակայն, Հայաստանում հեռաբժշկական ծառայություններ տրամադրելու համար դեռեւս բավականին աշխատանք պետք է տարվի։
«Բացի տեխնիկական աշխատանքներից, անհրաժեշտ է նախ գյուղերի բնակիչներին տեղեկացնել հեռաբժշկության առավելությունների մասին, բժիշկների վերապատրաստում իրականացնել եւ այլն»,-ասաց Հ. Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ պարզապես տեղյակ չեն եւ անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ է հեռաբժշկությունը։
Բժիշկների մի մասը նույնպես զգուշությամբ է մոտենում հեռաբժշկությանը։ Ըստ Խաչատրյանի՝ նոր տեխնոլոգիաները հաճախ վախեցնում են բժիշկներին, որոնք մտավախություն ունեն, որ հեռաբժշկական ծառայությունների մատուցման արդյունքում կարող են պակասել հիվանդների քանակը եւ վաստակած գումարները։
«Հայաստանում հեռաբժշկության կազմակերպչական հարցեր եւս կան, որոնք կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ներկայումս քննարկվում է հեռաբժշկության պայմանները, կարգը, հատկացնող գումարները ու այլն»,-ասաց Հ. Խաչատրյանը։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը կքննարկի «Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և հետագայում դրանց զարգացման և օգտագործման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։




























