Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում գտնվող քաղբանտարկյալներն ունեն տարբեր խնդիրներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, Փաշինյանի նման մյուս քաղբանտարկյալների նկատմամբ եւս բռնության դեպքե՞ր են արձանագրվում:
«Բռնության կիրառման հետ կապված հատուկ հայտարարություններ չեն եղել վերջին շրջանում, սակայն առողջական խնդիրների հետ կապված ահազանգերը պարբերական բնույթ են կրում: Ահազանգեր կան նաեւ հետապնդումների եւ կամայականությունների մասին: «Օրինակ Ռոման Մնացականյանին վերջերս առանց հիմնավոր պատճառների «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Վանաձոր» ՔԿՀ: Սարգիս Հացպանյանն էլ քնելու տեղ չուներ եւ քնում էր միջանցքում»,-հայտարարեց իրավապաշտպանը:
Սակայն, ըստ նրա, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին բարձրաձայնում է, «իշխանությունները կատաղում են եւ կենտրոնանում են դեպի Նիկոլը»: Վարդան Հարությունյանը նշեց նաեւ, որ միջազգային կառույցները պարտավոր են արձագանքել ազատազրկման վայրերում տեղի ունեցող բռնության դեպքերին, ինչը, սակայն, չեն անում:
«Միջազգային կառույցներին կոչ կանեի ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ լինել, քանի որ նրանք իրենց գործը շատ վատ են անում մեր երկրում: Սպասում են, որ «պոստ ֆակտում» հայտարարություններ անեն, արձանագրված բռնության մասին հիշատակեն իրենց զեկույցներում, կամ տարին մեկ ինչ-որ բաներ դատապարտեն: Փաստ է, որ դրանք գտնվելով Հայաստանում՝ տեղի առօրյա կյանքին անհաղորդ են: Ես գիտեմ, որ նրանք տեղյակ են Նիկոլի վիճակից, սակայն չեն շտապում հայտարարություն անել»,-նկատեց իրավապաշտպանը: Նա նաեւ հավելեց, որ իր ձեւակերպմամբ՝ ամեն Աստծո օր այդ կառույցները խոստանում են, որ մինչեւ երեկո հայտարարությամբ հանդես կգան, սակայն հայտարարություն այդպես էլ չեն անում:





























