Մնջախաղի պետական թատրոնը թեպետ մինչ օրս սեփական շենք չունի եւ վարձակալությանն հիմունքներով շարունակում է գործել ու բեմադրություններ ներկայացնել Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, սակայն դրանից ստեղծագործական բուռն գործընթացը բացարձակապես չի տուժում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«Ցավոք սրտի, սեփական շենք դեռեւս չունենք։ Ժամանակին մի նախագիծ կար, որով թատրոնի շենք կառուցելու համար մեզ պետք է տրամադրվեր Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի նկարչական արտադրամասի տարածքը,սակայն մտահղացումն այդպես էլ չիրականացվեց։ Այն կազմակերպությունը, որը հանձն էր առել նախատեսված տարածքում Մնջախաղի թատրոնի շենք, իսկ դրա վերեւում էլ սեփական գրասենյակներ կառուցել, հրաժարվեց այդ մտքից։ Բայց փնտրտուքները դեռեւս շարունակվում են։ Ես ուզում եմ, որ խնդիրը լավ ձեւով լուծվի»,- ասաց Դադասյանը՝ չպարզաբանելով սակայն, թե ինչ նկատի ունի «լավ ձեւով» ասելով։
Անդրադառնալով թատրոնի ստեղծագործական կյանքին՝ Ժիրայր Դադասյանը նշեց, որ իրենց շարքերը գնալով խտանում են։ «Թատրոնում սերնդափոխություն է կատարվում։ Կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտի մնջախաղի կուրսի առաջին շրջանավարտներ, նոր երեիտասարդներ են գալիս, մեր շարքերը համալրվում են։ Հենց նրանք էլ պատրաստվում են գարնանը նոր, շատ հետաքրքիր ներկայացում անել։ Այն, ինչ տեսել եւ սովորել են այդ երիտասարդները, անպայման լավ արդյունք կտա։ Այդ առումով ես մտավախություն չունեմ»,- ամփոփեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։




























