Թուրքիայի Սինջանի քրեական գործերով դատարանի նախագահ, դատավոր Օսման Քաչմազը դատական գործ է հարուցել TRT հեռուստաընկերության տնօրենի եւ մի քանի աշխատակիցների դեմ՝ Էրգենեկոնի գործով անցնող աղմկահարույց անձանցից Թունջայ Գյունեյին TRT հեռուստաընկերությունում ընդունելու համար։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։

Թուրքական TRT հեռուստաալիքով ուղիղ եթեր գնացող «Խոշորացույց» հաղորդման ժամանակ հյուրերից Թունջայ Գյունեյը թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալին մեղադրել է ծանր հանցանքների մեջ։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության իրավաբանները Անկարայի հանրապետական դատախազությունից պահանջել էին քր.գործ հարուցել TRT հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինի եւ «Խոշորացույց» հաղորդման խմբագրի դեմ, սակայն Անկարայի դատախազ Շադան Սաքընան մերժել էր մեղադրանքները։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության իրավաբանները բողոքարկել են այս որոշումը, եւ արդյունքում դատավոր Օսման Քաչմազը որոշել է ընդունել մեղադրանքները։

Սինջանի քրեական գործերով դատարանի դատավոր Օսման Քաչմազը իր հերթին մեղադրվում է էրգենեկոնի գործով։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպությունն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։