«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:
Այսդ առնընչությամբ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը:
Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններն:
Կուսակցության վարչությամն մեկ այլ որոշմամբ սահմանվեց կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ:
Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ»:
Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին:
ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը:




























