ՀՅԴ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:
Այս առնչությամբ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երեւան քաղաքում
Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երեւանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը եւ անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երեւանի ավագանի ձեւավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:
Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երեւանի բոլոր հիմնախնդիրները եւ կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»:
Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, եւ «Հայկական վերածնունդը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրություններին: Իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը:




























