«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը:
Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Շնորհավորում ենք մեր համակիրներին եւ աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:
Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պատասխանատու եւ պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»:
Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն եւ «Ելք» դաշինքը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրություններին: Իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը:




























