Վերաքննիչ դատարանը փոփոխել է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվողի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2014 թ. Գառնիկը §Կասկադում»¦ ծանոթացել է 12-ամյա դպրոցական աղջկա հետ:
Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջիկն անչափահաս է, սակայն, նա դուր է եկել Գառնիկին, սկսել են ընկերություն անել:
2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն. փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու անչափահասը սեռական հարաբերություններ են ունեցել, այնուհետեւ Գառնիկն ու աղջիկը մի քանի անգամ սեռական հարաբերություն են ունեցել:
2016 թվականի հունվարի 1-ին աղջիկը գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու, այդ ժամանակ Գառնիկը նկատել է նրա մարմնի կառուցվածքի փոփոխություն եւ առաջարկել հղիությունը որոշող թեսթի միջոցով, պարզվել է, որ նա հղի է: Ծնողների համաձայնությամբ անչափահասը մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը: Աղջկան բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Մարտին աղջիկը երեխա է ունեցել, ապրում է Գառնիկի տանը, նրա փաստացի կինն է:
Գառնիկը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին:
Գառնիկ Ջ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու անմիջապես առնվել է արգելանքի տակ:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մայիս Հովհաննիսյանը:




























