ՀՀԿ անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը իր ընկերության տուգանքը չեղյալ հայտարարելու համար նոր փաստեր է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Հակոբյանը։
«Մենք նոր փաստեր ենք ներկայացրել, իրենք կնայեն, կհամեմատեն հասկանալու համար՝ մեր ներկայացրած փաստարկները հավաստի են, թե ոչ, որից հետո որոշում կկայացնեն»,–ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն 2016 թվականի նոյեմբերին «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել էր 110 միլիոն դրամով`հիմնավորելով, որ օգտագործելով շուկայի գերիշխող դիրքը`ընկերությունն արտադրանքի գինը բարձրացրել է եւ գերշահույթ ստացել։ Սա անընդունելի էր համարում Հակոբ Հակոբյանը՝ պնդելով, թե Շաբոյանը ընկերությունը տուգանել է նեղ անձնական պատճառներով։ Հակոբյանն ասել էր, որ մինչեւ վերջ պայքարելու են տուգանքը չեղյալ հայտարարելու համար։ Սկզբում դիմել էին ՏՄՊՊՀ, սակայն ներկայացված հակափաստարկները բավարար չէին համարվել։ Վերջերս նոր փաստարկներ են ներկայացրել, եթե ՏՄՊՊՀ–ն մերժի, ապա դիմելու են դատարան։
«Այս նոր ներկայացրած տվյալներով՝ կարծում եմ չեղյալ կհայտարարեն տուգանքի որոշումը»,–ասել է Հակոբ Հակոբյանը։
Նշենք, որ վերջինս ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել էր Տավուշի մարզում եւ պարտվել։ Նոր խորհրդարանում նա չի լինելու։



























