Նոյեմբերի 16-ին ժամը 21.30-ի մոտ Երեւանի Կոմիտաս եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «X5» եւ «Ինֆինիտի» ջիպ մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Ինֆինիտի»-ի ուղեւոր 28-ամյա Լիլիթ Ռազմիկի Մայիլյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին տեղեկացրել է, որ մինչ կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցները, վարորդները մեքենաների վրայից հանել են համարանիշները: Վթարի վայր ժամանած Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը վարորդներից պահանջել է տեղադրել հանված համարանիշները: Տեղադրելուց հետո պարզվել է որ «X5»-ի համարանիշն է 11 ԼՍ 101, «Ինֆինիտի»-ի համարանիշը՝ 15 ՍԼ 700:
Պարզվել է նաեւ վարորդների ինքնությունը. X5-ի վարորդը 16-ամյա Հրաչյա Գուրգենի Սիմոնյանն է, Ինֆինիտիի վարորդը՝ 55-ամյա Ռոմիկ Արտավազդի Մայիլյանը:
Վթարի վայրում տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո ՃՏՀ քննչական բաժնի քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ, իսկ վարորդները ենթարկվել բժշկական քննության:
Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























