Սոմալիի ծովահենները սպառնացել են երկու օրից սպանել Մալթայի դրոշի տակ նավարկող «Օլիբ» նավի անձնակազմի անդամներին, եթե նրանց համար փրկագին չվճարվի: Նավի անձնակազմի անդամներից 13-ը Թուրքիայի, 3-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է պատանդ նավաստիներից մեկի հայրը: Վերջինիս հետ կապվել է անհայտ անձը եւ հայտնել, որ ծովահենները հավաքել են նավաստիներին եւ տեղյակ պահել նրանց սպասվող ապագայի մասին:

Նշենք, որ «Օլիբ» նավը պատանդ էր վերցվել Ադենի ծոցում՝ սեպտեմբերի 8-ին: Ծովահենները «Օլիբի» սեփականատերերից՝ հունական «Ֆրիո Վենտուրես» ընկերությունից անձնակազմի ազատ արձակման համար սկզբնապես պահանջել էին 15 միլիոն, ապա 1 միլիոն դոլար: Հունական ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է վճարել միայն 350 հազար դոլար:

Վրաստանի կառավարությունն արդեն դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով: