ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից  Երեւան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել գումար՝ սպառնալով  դանակի, ատրճանակի եւ էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաեւ նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք  հեռացել են։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,   3-րդ եւ 4-րդ կետերով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ  առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։