Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Նշենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վիրավորված լինելով իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, 2013թ. մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի բնակարան, ասել, թե իբր անակնկալ նվեր ունի նրան տալու, խնդրել է աչքերը փակել և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ տուժողը մատուցողուհի է աշխատել այն հյուրանոցում, որտեղ նախկինում աշխատել է ամբաստանյալը:




























