Վերջին շրջանում թուրք աշխարհահռչակ երգիչ Թարքանի եւ  թուրքական իշխանությունների ջրերը մի առվով չեն գնում։  Թարքանի՝ հասարակական ոլորտին առնչվող հայտարարություններին խիստ կերպով են արձագանքում թուրքական իշխանությունները։

Օրեր առաջ Փարիզ մեկնելուց առաջ Թարքանը խոսել էր Կուրբան բայրամի մասին եւ ասել, թե թող շատ գեղեցիկ մի տոն լինի, սակայն թող անասուններ քիչ սպանեն։ «Ես կյանքին տարբեր տեսանկյուններից եմ նայում։  Ցավոք, որոշ ավանդույթներ չեն փոխվում, երանի, մի քիչ փոխվեին»,-նշել էր Թարքանը:

Թարքանի այս խոսքերին խիստ է արձագանքել Թուրքիայի կրոնական գործերով վարչության նոր ղեկավար Մեհմեդ Գյորմեզը՝  առանց անուն տալու քննադատելով Թարքանին։ «Ոչ ոք թող չփորձի մեզ կենդանասիրության կամ կենդանիների պաշտպանության դասեր տալ»,-շեշտել է Գյորմեզը:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ի Ստամբուլի պայթյունն իրականացնողներին քննադատելու ընթացքում  նույն հարթության վրա էր դրել պայթյունը կազմակերպողներին եւ Բաթմանի նահանգի պատմական Հասանքեյֆ շրջանը ջրամբարի տակ առնելու դեմ հանդես եկողներին, որոնց մեջ է նաեւ Թարքանը։ Ավելի վաղ Թարքանը քննադատել էր թուրքական իշխանություններին՝ Իզմիրի շրջանում ջրամբար կառուցելու համար, քանի որ պատմական «Ալիանո»-ն հայտնվելու է ջրի տակ։ Դրան ի պատասխան, շրջակա միջավայրի պահպանության նախարարը հակադարձել էր Թարքանին` ասելով. «Եթե ես թողնեմ ջրամբար կառուցելը եւ սկսեմ երգել, գործերն այլ կերպ կգնան։ Դրա համար, թող Թարքանը շարունակի երգել։ Արվեստագետ ընկերը թող արվեստով հետաքրքրվի։ Եթե ամեն մեկը քիթը խոթի այնպիսի տեղ, ինչից բան չի հասկանում, շատ սխալ կլինի»,-ամփոփել էր թուրք նախարարը։