Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վերջերս շրջանառվող այն խոսակցություններին, թե ԵՊՀ առաջիկայում կայանալիք ընտրություններին ինքը հավակնում է ռեկտորի պաշտոնին, նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ լուրերը տարածել են համալսարանական համապատասխան կոռումպացված չինովնիկները:
«Լուրերը տարածել են մարդիկ, ովքեր վախենում են, որովհետեւ երբ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը հրապարակային ելույթի ժամանակ ասում է կեցցե այն համալսարանը, որը վաղն է գալու, մարդիկ վախենում են այդ գաղափարից: Վաղվա համալսարանը չի կարող լինել կոռումպացված, վաղվա համալսարանում այդպիսի մարդիկ տեղ չեն ունենալու: Վաղվա համալսարանում լինելու են բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ ասել է կոռուպցիա մատաղ սերնդի հետ աշխատանքի ժամանակ»,-նշել է Քարամյանը, այդպես էլ չհերքելով, որ ինքը հավակնում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Ավելին, նրա պատասխանն ավելի շատ նախընտրական քարոզչություն էր հիշեցնում:
ԵՊՀ նախկին պրոռեկտորը մեկնաբանելով նաեւ այն լուրերը, որ ինքը համալսարանում պատճենահանման բիզնես ունի ասաց.
«Հիշյալ լուրի հրապարակումից հետո զանգ եմ տվել «Հին Էրիվան» հոլլդինիգի տնօրեն Մանվել Տեր-Առաքելայնին եւ առաջարկել եմ վեջին 3-4 տարվա բոլոր եկամուտները, որ ինքը ստացել է մի շարք բիզնես գործունեությունից, մասհանում կատարել ինձ, որովհետեւ մի շարք թերթեր ինձ են վերագրում այդ բիզնեսը»:




























