Դոմինիկյան Հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է խոլերայով հիվանդացության առաջին դեպքը. այս հիվանդությունը համակել էր հարեւան Հայիթին, հայտնում է AFP-ն։

Հիվանդությունը հայտնաբերվել է 32-ամյա մի հայիթցի եկվորի մոտ։ Ենթադրվում է, որ նա արձակուրդի ժամանակ վարակվել է իր հայրենիքում։ Նոյեմբերի 12-ին տղամարդը վերադարձել է Դոմինիկյան Հանրապետություն, ուր աշխատում է որպես շինարար։

Երկրի Առողջապահության նախարար Բաուտիստա Ռոխասի խոսքով, հիվանդի վիճակը գնահատվում է որպես կայուն։

Դոմինիկյան հանրապետության առողջապահական մարմինները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի թույլ չտան «հայիթյան» խոլերայի ներթափանցումը։ Սակայն միայն նոյեմբերի 16-ին երկու երկրների սահմանին ձերբակալվել է Դոմինիկյան Հանարպետություն ապօրինաբար ներթափանցել փորձող 170 հայիթցի։

Նշենք, որ խոլերայի համաճարակը Հայիթիում բռնկվել էր հոկտեմբերի վերջին։ Այդ երկրում հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան հազար մարդ։