Ժամանակակից կրթված մարդը, որ գիտի մի քանի լեզուներ, ինքն ավելի մոբիլ է եւ այդ մարդու զարգացման, ինքնաիրացման համար անհրաժեշտ պայման է միգրացիոն ակտիվությունը: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ Երեւանի ճարտարագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է անում կրթված երիտասարդության աշխատանքային միգրացիան կանխելու համար, վարչապետը կանխելուն ուղղված քայլերի փոխարեն արդարացրել է այն:
«Ժամանակակից կրթված մարդը պետք է հնարավորություն ունենա սովորելու աշխատել տարբեր երկրներում, փորձարկել իր կարողությունները: Այդ տեսակետից դա համաշխարհային բնական միտում է` միգրացիայի ավելի բարձր մակարդակ եւ մենք այդ առումով պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ մեր քաղաքացիները նույնպես միգրացիոն մոբիլությունից օգտվեն` ինքնաիրացման իրենց կարողությունները դրսեւորելու համար»,-նշել է վարչապետը: Ուշագրավն այն է, որ վարչապետը աշխատանքային միգրացիայի մասին նույն հանգստությամբ է խոսել:
«Երկրորդը այն միտումն է, որ աղքատ երկրներից կա միգրացիա դեպի հարուստ երկրներ, դա աշխատանքային միգրացիան է, որովհետեւ ունենալով կարողություն, գիտելիք, աշխատանքային ունակություններ, մեր քաղաքացիները կարող են գտնել բարձր վարձատրություն զարգացած երկրներում եւ աշխատանքային միգրացիայի արդյունքում հայտնաբերելով այդպիսի աշխատատեղեր` տնտեսական վիճակն ավելի բարվոք են դարձնում ու օգնում իրենց հարազատներին մասնավոր տրանսֆերտներ ուղարկելով»,-հանգամանալից բացատրել է Տիգրան Սարգսյանը` հույս հայտնելով, որ եթե իրենց տնտեսական բարեփոխումները մոտակա 10 տարիների ընթացքում հաջողություն ունենան, այդ միգրացիոն երեւույթները կնվազեն:




























