Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Աբդուլա Գյուլին պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի: Այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» հետազոտական խմբի նախագահ Մայքլ Քեմբեկը:
Քեմբեկը միաժամանակ նշել է, որ իրեն անհանգստացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցը կարող է լճանալ երկու երկրների խորհրդարաններում։ «Կարծում եմ, որ Երեւանում երկկողմանի հարաբերությունների առաջխաղացումը կարժանանա մեծամասնության աջակցությանը, սակայն ես որոշ մտահոգություններ ունեմ Թուրքիայի հարցում»,- նշել է Քեմբեկը։
Հակամարտությունների լուծման համար 1994թ. Նոբելյան մրցանակի էր արժանացել նաեւ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում ներդրած ավանդի համար, սակայն մեկ տարի անց նա գնդակահարվեց հրեայի ձեռքով:




























