Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր` նոյեմբերի 17-ին մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ եւ մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի եւ հանուն համայն հայության իղձերի իրականացման:

«Մենք մշտապես հետեւում եւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետեւողական աշխատանքի արդյունքն է նաեւ, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների դերը, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր,  հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ կրում են եւ՛ հաջողությունների, եւ՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը` իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ` միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման եւ հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, Նախագահը խոսել է հարուստ պատմություն եւ հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին. «Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսեւորում է, որի զարգացմանը նաեւ նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը եւ աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:

Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել եւ հանձնել է պետական պարգեւը: