Հայաստանում շախմատի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը նախապատրաստվում է դպրոցների տարրական դասարաններին բաժանել շախմատային դասագրքեր՝ 7,5 մլն. դրամի (մոտ 20 հազ. դոլար) չափով։ Սույն գործընթացը կիրականացվի մինչեւ Ամանոր, իսկ կառավարությունը գումարների տրամադրման մասին որոշումը կքննարկի նոյեմբերի 18-ին։
Նշենք, որ երեւանյան դպրոցներից շատերում իսկապես ձգտում կա երեխաների համար շախմատային խմբակներ բացել։ Սակայն դրանք առանձնապես մեծ հաջողություն չեն վայելում, քանզի վճարովի են, իսկ դասավանդողների որակավորումը բարձր չէ։
Ծնողներից շատերը, երեխաների մոտ շախմատի նկատմամբ հետաքրքրություն լինելու դեպքում, նախընտրում են նրանց պարապելու ուղարկել մասնագիտացված դպրոցներ։ Մեկ երեխայի ամսական վարձը այնտեղ սկսում է 5 հազ. դրամից (մոտ 14 դոլար), սակայն ուսուցչի որակավորմանը համապատասխան գումարը բարձրանում է։ Բացի այդ՝ մասնագիտացված դպրոցներում (շախմատի տներում) ավելի հեշտ է կարգ ստանալ։
Մեր տեղեկություններով՝ մոտ 500 երեխա Երեւանում կանոնավոր շախմատ է պարապում։




























