Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է քաղաքացիներին, որ հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ իսլամիստները մտադիր են նոյեմբերի վերջին ահաբեկչություն իրականացնել Գերմանիայի տարածքում:
Այդ կապակցությամբ ինչպես նշել է նախարար Թոմաս դե Մեզյերը, ոստիկանությունը բարձրացնում է անվտանգության միջոցառումները՝ առաջին հերթին կայարաններում եւ օդանավակայաններում, գրում է Lenta.ru-ն:
Նախարարի խոսքով, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը շատ բարձր է: Լրագրողների հարցին՝ կա՞ն, արդյոք, կոնկրետ տեղեկություններ ահաբեկչությունների նախապատրաստման մասին, նախարարը հաստատական պատասխան է տվել:
Ըստ նրա, եթե նախկինում խոսքը գնացել է աբստրակտ սպառնալիքի մասին, ներկայումս իրավիճակը փոխվել է, իշխանությունները հստակ տեղեկություններ ունեն պատրաստվող ահաբեկչությունների մասին:




























