Բաքվի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 18-ին քննել է բլոգեր Ադնան Հաջիզադեի՝ սահմանված պատժաչափի կեսը լրանալու կապակցությամբ ազատ արձակելու մասին հայտարարությունը։ Դատարանը որոշում է կայացրել Հաջիզադեի պայմանական ազատ արձակման մասին, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը։
Բլոգերներ Էմին Միլլին եւ Ադնան Հաջիզադեն 2 եւ 2,5 տարվա ազատազրկման էին դատապարտվել անցած տարվա հուլիսին «Լեբանոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո։
Շատ միջազգային կազմակերպություններ դատապարտել էին բլոգերների ձերբակալության փաստը՝ դա համարելով Ադրբեջանի իշխանությունների հասցեին նրանց պատրաստած տեսահոլովակի պատասխան, ուր ներկայացվում էր Գերմանիայում 40 000 եվրոյի դիմաց մի քանի ավանակների գնումը։
Միջազգային կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բլոգերներին եւ լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նյու Յորքում երկու ամիս առաջ կայացած համաշխարհային գագաթաժողովին այս հարցը բարձրացրել էր նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։




























