«Հանրապետություն» կուսակցության վարչության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը միանում է նախկին քաղբանտարկյալների հայտարարությանն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:
«Նրանք, ովքեր պահանջում են ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը` սխալ մոտեցում են ցուցաբերել եւ պետք է պահանջեն, որ նրան ազատ արձակեն»,- նշել է Սուրենյանցը, հավելելով, որ իշխանությունն անբարո վարքագիծ է ցուցաբերում` բանտում անմեղ մարդկանց նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ իրականացնելով:
Ըստ նրա, երկրում քաղբանտարկյալներ պահելով մենք կորցնում ենք երկիրն ու Ղարաբաղը:
Ի դեպ, քաղաքագետը նամակ է հղել Սերժ Սարգսյանին` պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ քաղբանտարկյալին ազատ արձակելու ցանկացած ձեւ ընդունելի է, բացի ներում պարտադրելուց: Այդուհանդերձ, Սուրենյանցը նշեց, որ չէր ցանկանա, որ քաղբանտարկյալներին ազատ արձակեին ինչպես ժամանակին ազատ արձակվեցին ՀՅԴ-ական գործիչներն, այդ թվում Վահան Հովհաննիսյանը (նրանք ազատ էին արձակվել «իրավիճակի փոփոխության» հիմնավորմամբ):
Սուրեն Սուրենյանցն իր բլոգում նույնպես ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի նյութ է գրել, հայտարարելով. «Ես Նիկոլ Փաշինյան եմ»:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Սուրենյանցը հանդիպել էր Պնախարար Սեյրան Օհանյանին` իր մտահոգությունները հայտնելու բանակում տեղի ունեցած սպանությունների եւ բռնությունների հետ կապված: Սա հակազդեցություն էր առաջացրել ընդդիմության որոշ շրջանակներում, որից հետո Սուրենյանցը հրաժարվել էր «Հանրապետություն» կուսակցության անդամությունից:





























