Չկա ղարաբաղյան հարցի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումը: Պատերազմը հակամարտությունների լուծման արդյունավետ ուղի չէ: Այդ մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ հավելելով, որ դժվար է նվաճել մի ժողովրդի, որը չի ցանկանում ենթարկվել:
«Հայ եւ լեհ ժողովուրդների պատմությունը վկայում է, որ նման փորձերը միշտ ձախողվում են»,- նկատել է դեսպանը:
Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ դիվանագետը նկատել է, որ Ղարաբաղում բնակվող հայերը բազմիցս են հայտարարել անկախ կամ Հայաստանի կազմում ապրելու ցանկության մասին: Եւ այսօրվա դրությամբ կարգավորման գործընթացում այդ գործոն հաշվի է առնվում: Հարցին, թե ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում ԵՄ-ն երկրների անկախությունը ճանաչելիս, Ռաչինսկին պատասխանել է. «Այդ դեպքերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, եւ նրանց միջեւ նմանություններ չկան: Կոսովոյի հարցը իրադարձություն էր Եվրոպայի կենտրոնում, իսկ ղարաբաղյան հարցը` Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին, պատմական խնդիրների հետեւանք»:
Նա հավելել է նաեւ, որ Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը հիմնված է երկու սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք:
Դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակելու է աճել ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը բարդացնում է կարգավորումը:





























