Հայաստանի իշխանությունները պետք է ոչ թե ապահովեն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, այլ պետք է նրան անհապաղ ազատ արձակեն: Այս կարծիքին են հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսի պատասխանատուները, ովքեր նոյեմբերի 18-ին «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում ասուլիս էին հրավիրել՝ ի պաշտպանություն Փաշինյանի: Ասուլիսին ներկա էին մասնավորապես «Առավոտ», «Ժամանակ», «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «168 ժամ» թերթերի եւ «A1+», «Armenia tօday», «1in.am», «epress.am», «lragir.am», «hetq.am» լրատվական կայքերի խմբագիրները:
«Որեւէ ձեւով ապացուցված չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս քաղբանտարկյալները կատարել են որեւէ գործողություն, որը հակասում է Քրեական օրենսգրքին: Կարծում եմ, որ քաղբանտարկյալներին եւ Փաշինյանին պաշտպանելը կապ չունի քաղաքական հայացքների կամ անձնական համակրանքների եւ հակակրանքների հետ: Դա կապ ունի սովորական մարդկային պարկեշտության հետ»,-հայտարարեց «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ բոլոր պարկեշտ մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն ի պաշտպանություն բանտարկված լրագրողի: «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն էլ հայտարարեց, որ ինչպես այսօր Նիկոլն է գտնվում բանտում՝ առանց հանցանք կատարելու, այնպես էլ իրենցից՝ խմբագիրներից ցանկացածը կարող է հայտնվել նրա կարգավիճակում: «Միայն մի բանի համար, որ ուզում ենք մեր երկիրը շիտակ ճանապարհով գնա, եւ մեր ժողովուրդը մի քիչ շունչ քաշի: Շունչ քաշելու համար նրան օդ է պետք, իսկ օդը տալիս է միայն մամուլը»,-ասաց նա:
«Armenia today»-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանն էլ հավելեց, որ Փաշինյանը բանտում է հայտնվել իր լրագրողական գործունեության համար եւ այսօր վտանգված է նրա կյանքը: «ՔԿՀ-ում, ուր նա այժմ գտնվում է, որեւէ կերպ ապահովված չէ նրա անվտանգությունը»,-ասաց նա եւ ընդգծեց, որ իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Փաշինյանին:





























